Թեհրանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի Թեհրանի հայոց թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը, որի շրջանակում տեղի է ունեցել համանուն գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև գրքի հեղինակ պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Միջազգային մամուլի առաջին էջերի 60 պատկերներ, որոնք արտացոլում են մարդկության և քաղաքակրթության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, ներկայացվել են ս.թ. նոյեմբերի 14-ին «Արարատ» մարզամշակութային համալիրի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպված ցուցահանդեսին: Ներկայացված նմուշների մեջ տեղ են գտել նաև մի քանի օրինակներ ժամանակի պարսկական մամուլի էջերից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Թեհրանի հայոց թեմի հանձնախմբի ատենապետ Արմենուշ Առաքելյանը, ապա օրվա բանախոս Հայկ Դեմոյանն անդրադարձավ գրքի և ցուցադրության ներկայացմանը՝ հավելելով՝ «Մեր ռազմավարության մեջ պէտք է նկատի ունենանք 3 լսարաններ: Առաջինը՝ միջազգային լսարանը: Մենք ցանկացած երկրի հիշողության և պատմության հետ ագուցված պետք է ներկայացնենք Ցեղասպանության թեման: 2-րդ լսարանը թուրքականն է, իսկ 3-րդը՝ հայկականը, ու մենք պետք է մրցունակ և հոգեբանորեն ուժեղ սերունդ դաստիարակենք թե՛ Սփյուռքում, թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում»:
Միջոցառմանը ներկա էին Իրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը և դեսպանության աշխատակազմը, Իսլամական խորհրդարանում իրանահայ զույգ պատգամավորները, «Ալիք» հաստատության ներկայացուցիչները և այլ հրավիրյալներ:
Իսկ նոյեմբերի 16-ին «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը ներկայացվեց նաև «Արասբարան» մշակութային համալիրում:
Վերադառնալ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am