Նորություններ
Տպել

  Ս.թ. նոյեմբերի 12-ին Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Հայաստանի և Չեխիայի մշակույթի նախարարների մասնակցությամբ «Պրահայի չեխական կենտրոններ» գործակալության սրահում բացվեց Չեխիայի 19 հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդես, որը կգործի մինչև նոյեմբերի 22-ը:

Հանդիսավոր արարողությունը բացեց «Պրահայի չեխական կենտրոններ» գործակալության գլխավոր տնօրեն Վիլմա Անիժովան։ Այնուհետև ելույթներ ունեցան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Չեխիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Կատերժինա Կալիստովան և Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Նախարար Պողոսյանը նշեց հայ մշակույթը Չեխիայում ներկայացնելու կարևորությունը և ցուցահանդեսը համարեց մի փոքրիկ Հայաստան հիասքանչ Պրահայի կենտրոնում` ավելացնելով, որ հայ նկարիչներն իրենց հետ հայրենիքից բերել են Հայաստանի գույներն ու հոգին: Նախարարն առաջարկեց, որպեսզի Չեխիայի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես կազմակերպվի նաև Երևանում՝ 2015 թ.:

Տիկին Կալիստովան ընդգծեց, որ ցուցահանդեսը բացառիկ է բազմաթիվ տեսանկյուններից, քանզի այն չեխ-հայկական մշակութային համագործակցությանը նպաստող խոշոր նախագիծ է: Այն միտված է նկարիչների ճանաչմանը ու նրանց համար երկրորդ հայրենիք դարձած Չեխիայի հանդեպ ունեցած հայացքների արտահայտմանը:

Դեսպան Սեյրանյանը ներկայացրեց ցուցահանդեսի կատալոգը, որը տպագրվել է հայաստանյան «Աստղիկ գրատուն» հրատարակչության կողմից (պատրաստվել է Չեխիայում ՀՀ դեսպանության և նկարիչ Հրայր Ղարիբյանի կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության և չեխահայ գործարարներ Գևորգ Ավետիսյանի ու Արամայիս Մեժլումյանի հովանավորությամբ):

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին նաև ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների հեղինակները, Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Հայաստանում Չեխիայի գործերի հավատարմատար Պետր Միկիսկան, չեխ պատգամավորներ, դիվանագետներ, արվեստի և մշակույթի գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am