Նորություններ
Տպել

 Կալիֆորնիայում հայ մշակութային կյանքը գեղանկարչության ու կերպարվեստի միջոցով ակտիվացնելու նպատակով, ամերիկահայ երկու խոշոր կազմակերպություններ, Համազգային Հայ Մշակութային և Կրթական Միության Արևմտյան Ամերիկայի Շրջանային վարչությունն ու «Ասպարեզ» օրաթերթը «Hovik՛s Fine Art» պատկերասրահի հետ միավորվելով, նոյեմբերի 14-16-ը նախաձեռնել են ցուցահանդես-վաճառքՀանրությանը ներկայացվելու են 48 տարբեր երկրներում ճանաչված հայ արվեստագետների աշխատանքներ, այդ թվում՝ դասականների, ներկայում գործող հայտնի նկարիչների, նաև՝ այս ոլորտում նոր անունների:

«Նման ցուցահանդէսի կազմակերպման հիմնական նպատակներից է խթանել մշակոյթի այս արտայայտչաձեւը՝ ներկայացնելով եւ այդպիսով աջակցելով մեր ժամանակակից արուեստագէտներին: Միաժամանակ, վաճառքի միջոցով ցանկանում ենք ստեղծել նիւթական բազա, որպէսզի այս աշխատանքը շարունակական դառնայ», նշում է ցուցահանդեսի համակազմակերպիչը՝ ճանաչված նկարիչ, «Hovik՛s Fine Art» պատկերասրահի հիմնադիր Հովիկ Քոչինյանը: Ամերիկյան և միջազգային հեղինակավոր աճուրդներում իր բարձրարժեք աշխատանքներով հայտնի մեր հայրենակիցն ավելի քան քսան տարի է, որ անձնական գործունեությանը զուգահեռ՝ բացահայտում և աշխարհին է ներկայացնում հայ նկարիչների՝ այսպիսով նաև նպաստելով նրանց կայացմանը:

Այս նպատակը որպես առաջնայնություն ունենալով է, որ Համազգային հայ մշակութային և կրթական միության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչությունը նախաձեռնել է այս ձեռնարկը: Ցուցահանդեսի կազմակերպչական խորհրդի անդամ, արվեստասեր Ադուր Աղջայանը նշում է, որ հայ արվեստագետներն այսօր նշանակալի ներդրում կարող են ունենալ համաշխարհային մշակույթում:

Նախատեսվում են նաև դասախոսություններ, արվեստագետներին ներկայացնելու տարբեր ծրագրեր, նկարչական կենտրոնի հիմնում: Նոյեմբերի 14-ին բացվող ցուցահանդեսը նուիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ներկայացված նկարիչները, որոնց թվում են դասականներից՝ Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Ժանսեմը, ժամանակակից բազմաթիվ հայտնի անուններ, այդ թվում՝ Հովիկ Քոչինյանը, ով վերապրածի թոռ է, ևս մեկ ապացույցն է, որ հայի ստեղծագործելու ջիղն անմահ է, ինչպես որ հավիտենական է մեր ազգը:

«Մենք մեծ խնդիր ունենք այսօր՝ մեր դարերով մշակուած եւ մեզ հասած մշակոյթի թելը չկտրելու, ինչը համահարթեցման այսօրուայ պայմաններում սպառնում է բոլորին՝ մասնաւորապէս փոքր ազգերին: Մեզանից պահանջւում է շրջահայց լինել՝ չկտրելու համար այդ թելը, այլապէս՝ դժուար կը լինի, եթէ ոչ անհնար, վերականգնել այն: Այս խնդիրն է, որ պէտք է մենք լուծենք եւ փոխանցենք մեր մշակոյթը յաջորդ սերունդներին»,- նշում է Քոչինյանը:

Անսանք մշակույթի նվիրյալների կոչին՝ ճանաչենք եւ աջակցենք մեր արվեստագետներին: Խմբային առաջին ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա Շրջանային վարչության կենտրոնում, նոյեմբերի 14-ին և տևելու է մինչև Նոյեմբերի 16-ը:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am