Նորություններ
Տպել

Երևանի պետական համալսարանը, մասնավորապես ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, արդեն 3 տարի է ռուսական կրթական դաշտում Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքում գործակցության տարբեր ծրագրեր է իրականացնում: Տարբեր այցելություններ են եղել, ինչպես նաև համալսարանի մասնագետների հետ իրականացվել հետազոտական աշխատանքներ:

Ս.թ. սեպտեմբերի 18-19-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի սոցիալ-տնտեսական և հումանիտար հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովի («Կազակներն ու լեռնականները` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին») շրջանակներում Դոնի Ռոստովում էր ԵՊՀ պատվիրակությունը: Ռեկտոր, ՀՀԻ տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սիմոնյանը և ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը «Նոր Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն պ.գ.թ. Սերգեյ Սայադովի ուղեկցությամբ այցելել են հայաշատ Մյասնիկյանի շրջանի շրջկենտրոն՝ Չալտր գյուղ: Այստեղ ԵՊՀ պատվիրակներին դիմավորեցին շրջանի ղեկավար Արշակ Պորկշեյանը և նրա առաջին տեղակալ Վլադիմիր Կիլաֆյանը: Շրջանի ղեկավարության ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակության անդամները այցելեցին տեղի հայկական եկեղեցին՝ հանդիպելով հայ հոգևորական Տեր Թադևոսին, շրջանի հայերի պատմամշակութային թանգարանը, որտեղ իրենց անզուգական կատարմամբ հանդես եկավ տեղի «Անի» հայկական ազգային երգի համույթը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիոմյանը, կարևորելով այս այցելությունը և ընդգծելով Հայաստան-Սփյուռք կապերի, հայ-ռուսական գիտակրթական գործակցության խորացման անհրաժեշտությունը հատկապես Ռուսաստանի այնպիսի հայաշատ ու մեծ պատմական ուղի ունեցող համայնքի, ինչպիսին է Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքը, Հայաստան հրավիրեց համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիր Դոնի հայերի «Անի» համույթին՝ հայրենի երկրում ներկայանալու համերգային ծրագրով:

Դոնի հայերի «Անի» համույթը հիմնադրվել է 1985 թվականին Ռոստովի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրիգոր Խուրդայանի կողմից: Այսօր համույթն ունի ավելի քան 40 երաժիշտներ և երգիչներ, ովքեր նվագում են հայկական ազգային գործիքներ: Նրանց երգացանկում ընդգրկված են ինչպես ժողովրդական, գուսանական երգեր, այնպես էլ Դոնի հայերի ազգագրական կատարումներ: Համույթը համերգներով հանդես է եկել Կանադայում, եվրոպական մի շարք երկրներում և այլուր:

«Մեծ ընդմիջումից հետո կրկին Հայաստանում ենք: Մենք շատ ենք փորձել կապ հաստատել Հայաստանի տարբեր քաղաքների հետ, որպեսզի համերգներ ունենանք, սակայն հաջողությամբ պսակվեց միայն այս նախագիծը: Մեզ այստեղ շատ ջերմ ընդունեցին: Կարծում եմ՝ դա պետք է վաղուց անեինք, քանի որ հայրենիքի հետ կապի կորուստը շատ բացասաբար է անդրադառնում ինքնության պահպանման վրա»,-ասում է Մյասնիկյանի շրջանի վարչակազմի երիտասարդական քաղաքականության, մշակույթի բաժնի վարիչ Մանուշակ Չուբարյանը: 

Համույթը համերգային ծրագրով հանդես է եկել Երևանում, Արտաշատում և Իջևանում: Երևանի Առնո Բաբաջաբյանի անվան հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճում «Անի» համույթի համերգային ծրագրում հնչեցին հայկական ժողովրդական երգեր, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և Դոնի հայերի ազգագրական կատարումներ: Համերգին հյուրերի շարքում էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչները: Արտաշատում համույթի անդամներին դիմավորեց քաղաքապետ Գագիկ Մուրադյանը: Համերգը տեղի ունեցավ երաժշտական դպրոցի դահլիճում: Համույթի հաջորդ համերգային ծրագիրը տեղի ունեցավ Իջևանի մշակույթի տանը: Իջևանում հյուրերին դիմավորեց և համերգի կազմակերպմանը աջակցեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատվիրակությունը՝ տնօրեն Սամվել Առաքելյանի գլխավորությամբ:

Մշակութային ծրագրի շրջանակում տեղի ունեցան այցեր Հայաստանի մշակութային կենտրոններ: Համույթի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մատենադարան, ինչպես նաև Գևորգյան ճեմարան, որտեղ անեցիները («Անի» համույթի անդամները)ներկա գտնվեցին հոգևոր երաժշտության դասին և ճեմարանի սաների հետ միասին կատարեցին մի քանի ստեղծագործություններ: Համույթի անդամները հայաստանյան այցի շրջանակում եղել են նաև Գեղարդում, Գոշավանքում և Ծաղկաձորում:

Հուսով ենք, որ այս այցելությունները առավել կամրապնդեն կապը Հայաստանի և Սփյուռքի միջև, քանզի հայությանը միավորողը, հային իր արմատին կապողը, համահայկական միասնության հզոր երաշխիքը հայ մշակույթն է:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am