Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ավստրիայի հայ մամուլը

 

ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ

Ավստրիայում հայ մամուլի սկզբնավորումը և հետագա զարգացումը կապված է գերազանցապես Վիեննայի Մխիթարյան միաբանության գործունեության հետ: XIX-XX դդ. հրատարակվել են 10 անուն հայերեն պարբերականներ (բոլորն էլ Վիեննայում): Աոաջինը «Ծանոթությունք վաճառազիտության» շաբաթաթերթը, լույս է տեսել 1819-ին (միայն մեկ համար 1812-ից գործող Մխիթարյան միաբանության տպարանում):

Այնուհետև լույս է տեսել «Եվրոպա» շաբաթաթերթը, 1858-62-ին «Տոմար ընտանեկան» տարեգիրքը, 1887-ից «Հանդես ամսօրյա» հանդեսը: 1970-ական թթ.. երբ վերստին աշխուժացել Է ավստրիահայ համայնքի ազգային կյանքը, Հայ ուսանողական և երիտասարդական միությունը հրատարակել է «Արարատ» ամսագիրը և «Պարբերաթերթ» լրագիրը (երկուսն էլ հայերեն, գերմաներեն), որոնք, սակայն, կարճ կյանք են ունեցել: 1984-87-ին լույս է տեսել «Հրայրք» մշակութային հայկական շաբաթաթերթը (խմբագիր՝ Հրայր Սիսական Կարապետյան): Եվրո-հայկական ընկերության հրատարակած «Մենք» ամսաթերթի միայն երեք համար է լույս տեսել: Ներկայումս (2003) լույս է տեսնում ՀՄԸՄ Ավստրիայի մասնաճյուղի «Գաղութի տեղեկատու» պարբերաթերթը (հայերեն, գերմաներեն), 1981-ից Ավստրո-հայկական մշակութային ընկերության «OAK Journal» գերմաներեն պարբերականը:
 
«Եվրոպա», քաղաքական, գեղարվեստական և ուսումնական շաբաթաթերթ, ապա երկշաբաթաթերթ: Լույս է տեսել 1847-63-ին, Վիեննայում: Խմբագրական մարմինը կազմված է եղել Մխիթարյան միաբանության անդամներից: Վերջին շրջանում թերթը խմբագրել է Վարդան Ստակարյանը: Տպագրել է նյութեր եվրոպական երկրների արդյունաբերության, առևտրի, գիտության մասին, ուսումնական, գրական-գեղարվեստական գործեր, լուրեր հայկական գաղթավայրերից, ինչպես նաև միաբանության անդամների հեղինակած հոդվածներ հայ ժողովրդի պատմության մասին և այլն: 
 
«Հանդես ամսօրյա», հայագիտական հանդես: Վիեննայի Մխիթարյան միաբանության պաշտոնական հրատարակություն: Լույս է տեսնում 1887-ից: Մինչև 1914-ը ամենամսյա, հետագա տարիներին լույս է տեսել անկանոն պարբերականությամբ: Հիմնադիր Ա. Այտընյան, խմբագիրներ՝ Ղ. Հովնանյան, Գ. Գալեմքյարյան, Գ. Մենևիշյան, Հ. Տաշյան, Ղ. Հովնանյան, Վ. Մելքիսեդեկյան, Թ.Կետիկյան. Հ. Համբարյան, Ն. Ակինյան. Ս. Մատիկյան, Հ. Ոսկյան, Պ. Տեր Պողոսյան, Օ. Սեքուլյան, Մ. Թոփալյան, Պ. Գոճանյան: 
Իր գոյության 115 տարիների ընթացքում հանդեսի էջերում հրատարակվել են բազմաթիվ աշխատություններ նվիրված հայ ժողովրդի պատմության, բանասիրության, լեզվաբանության, միջնադարյան հայ մատենագրության, ազգագրության, հայ գաղթավայրերի պատմության և հայագիտության այլ բնագավառների հարցերին, ինչպես նաև բնագրեր հայ հին և միջնադարյան ձեռագրերից: Բացի միաբանության անդամներից, հանդեսին աշխատակցել են նաև հայագետներ Հայաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից: Հանդեսում հրապարակված նյութերի զգալի մասը միաբանությունը լույս է ընծայել առանձին գրքերով «Ազգային մատենադարան» մատենաշարով: «Հանդես ամսօրյա»-ի միջոցով են այլազգի հայագետները ծանոթանում հայ գիտնականների աշխատություններին:

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. Խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 97:
 

Տես նաև՝

Ավստրիա: 

Ավստրիայի հայ համայնքի դպրոցը: 

Ավստրիայի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը:

Գիտություն (Ավստրիայի հայ համայնք):

Ավստրիայի հայ համայնքի մշակույթը:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am