Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ավստրիայի հայ համայնքի դպրոցը

 ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑԸ 

 

Մխիթարյանների դպրոցներից հնագույնը հիմնվել է 1774-ին, Տրիեստում: Վիեննայում գործում է միաբանության Աստվածաբանական կղերանոց (ուսումնարան), որտեղ տարբեր երկրներից եկած ապագա Մխիթարյան վարդապետներ ուսումնասիրում են աստվածաբանություն, հայ ժողովրդի և եկեղեցու պատմություն, փիլիսոփայություն, հայ բանասիրություն և այլ առարկաներ: Վարդապետի աստիճան ստացած կղերանոցի սաները դասավանդում են շատ երկրների հայ համայնքներում գործող Մխիթարյան վարժարաններում:

1974-ին Ավստրո-հայկական մշակութային ընկերությունը հիմնել է հայերենի դասընթացներ: Ի շարունակություն դրանց 1981-ին եկեղեցական վարչության ջանքերով Վիեննայում հիմնվել են «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա հայերեն դասընթացները (ցայսօր համայնքի միակ ուսումնարանն է): Այստեղ դասավանդվում են հայոց լեգու (արևմտահայերեն և արևելահայերեն), կրոն, գրականություն, հայոց պատմություն: Դասընթացների գործունեության առաջին տարիներին աշակերտների թիվն աճել է 1988/89 տարեշրջանում հասնելով 110-ի: Հետագայում աշակերտների թիվը նվագել է: 1995/96 տարեշրջանում դասընթացներից օգտվել է մոտ 75 աշակերտ: 1987-ից գործում է դպրոցի աշակերտներից բաղկացած երգչախումբը: Դպրոցի գործունեությունը գլխավորում են եկեղեցական վարչությունը և ծնողական խորհուրդը: Դասընթացների առաջին կրթական պատասխանատուն եղել է Գրիգոր Հալաճյանը (մինչև 1993-ը):

 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. Խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 94: 

Տես նաև՝ 

Ավստրիայի հայ համայնքի եկեղեցին:

Ավստրիայի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը:

Գիտություն (Ավստրիայի հայ համայնք):

Ավստրիայի հայ համայնքի մշակույթը:

Ավստրիայի հայ մամուլը:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am