Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԱՐԱՐԱՏ շաբաթաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԱՐԱՐԱՏ>> ՇԱԲԱԹԱԹԵՐԹ 

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

  <<Արարատ>>՝ ազգային, քաղաքական և գրական երկօրյա, հետագայում՝ օրաթերթ, 2001-ի հունիսից՝ շաբաթաթերթ: ՍԴՀԿ կենտրոնական վարչության և Լիբանանի շրջանի պաշտոնաթերթ: Լույս է տեսնում 1937-ից (որոշ ընդհատումներով): Արտոնատերեր՝ Գրիգոր Հաճընլյան, 1992-ից՝ <<Մասիս>> հրատարակչական ընկերություն: Պատասխանատու տնօրեններ` Օննիկ Ճանպուլյան, 1992-1995-ին՝ Ժիրայր Նայիրի (Թոսունյան) և 1995-ից՝ Հրանտ Գանգրունի (Աբիսողոմ Գրըշըքյան): Խմբագիրներ՝ Արմենակ էլոյան, Արսեն Կիտուր, Միհրան Սեֆերյան, Արմեն Ղարիպ, Վահան Տոնապետյան, Հովսեփ Ճիռյան, Ասատուր էլճանյան, Հրանտ Գանգրունի, Ժիրայր Նայիրի, Ահարոն Շխրտմյան, Ավետիս Փոշողլյան: Տպագրում է նյութեր Հնչակյան կուսակցության պատմության և արդի գործունեության վերաբերյալ, անդրադառնում արևմտահայության պատմական ճակատագրի հարցերին: Լուսաբանում է հայկական, լիբանանյան և միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և մարզական անցուդարձը: Նոր տարվա առիթով հրատարակում է բացառիկ համարներ: Հատուկ համարներ հրատարակել է նաև Եղեռնի 50-ամյակի և արաբերենով՝ 80-ամյակի առիթով: Տարբեր ժամանակներում լույս է ընծայել <<Արարատ շաբաթօրյակ>> (1949-54, խմբագիր՝ Հակոբ Պարսումյան), <<Արարատ գրական>> (1956-65, խմբագիր՝ Հակոբ Նորաշխարհյան), <<Արարատ մարզական>> (1956-58, խմբագիր՝ Գևորգ Տարոնի. վերահրատարակվել է 1992-ին, խմբագիրներ՝ Գրիգոր Քյոշկերյան, Կարո Գոճավագյան, Ավետիս Փոշողլյան) և <<Արարատ երիտասարդական>> (1985-92, խմբագիրներ՝ Եղիկ Ճերեճյան, Ավետիս Փոշողլյան) հավելվածները (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 320:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am