Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)

  

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(ԱՄԷ)

 

Պետություն Հարավարևմտյան Ասիայում, Արաբական թերակղզու հարավ-արևելքում: Տարածքը՝ 83,6 հզ. կմ2: Բնակչությունը՝ 5, 432, 746 (2008): Մայրաքաղաքը՝ Աբու Դաբի (400 հզ.): Հայերի թիվը՝ շուրջ 2 հզ.:  

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների միջև հաստատվել են 1998-ին:

  
   Հայերն Արաբական ծոցի երկրներ այցելել են դեռևս XVI դ. սկզբից: Սակայն նրանց զանգվածային հոսքը ԱՄԷ սկսվել է 1975-ից, ինչը պայմանավորված էր նավթի հարուստ պաշարներ ունեցող և տնտեսական վերելք ապրող այս երկրում իրենց նյութական վիճակը բարելավելու ձգտումով: Ազգային կյանքը կազմակերպելու նպատակով 1977-ին հրավիրվել են ժողովներ ու հավաքույթներ, Դուբայի Ս. Երրորդություն անգլիական եկեղեցում մատուցվել է հայերեն առաջին պատարագը: 1979-ին Արաբական ծոցի տարածաշրջանը դարձել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդություն: Նույն թվականի դեկտեմբերին, ԱՄԷ-ի հայ համայնքի հիմքերը դնելու նպատակով, քուվեյթահայ ազգային գործիչ Մելիք Մելիքսեթյանի նախաձեռնությամբ Դուբայ է այցելել Քուվեյթի կաթողիկոսական փոխանորդ Օշական վրդ. Չոլոյանը: Նա էլ նշանակել է Դուբայի առաջին ազգային վարչության անդամներին (Տիգրան Թաշճյան ատենապետ, Նշան Պասմաճյան. Զարեհ Թյությունճյան, Թորոս Պալյան և Հարություն Տիրացույան): Աբու Դաբիում առաջին ազգային վարչության անդամներ են նշանակվել Պերճ Աբրահամյանը, Վարդան Ինկիլիզյանը, Գրիգոր ճերեճյանը, Անդրանիկ Տաղլյանը, Հրաչ Արզումանյանը, Միքայել Պատալյանը և Վարդգես Թավլյանը: Մշակվել է համայնքի ներքին կանոնադրությունը: Գործել է վարձված եկեղեցին իր դպրաց դասով, Քուվեյթից կամ Անթիլիասից պարբերաբար հրավիրվել է այցելու հոգևոր հովիվ, երկու շաբաթը մեկ մատուցվել է պատարագ: 1993-ից համայնքն ունի մնայուն հոգևոր հովիվ (առաջինը՝ Բաբկեն վրդ. Չարյան):

  Մինչև Արաբական ծոցի շրջանի թեմի վերածվելը ազգային վարչությունների անդամներին նշանակել է կաթողիկոսական վտխանորդը երկու տարի ժամկետով: 1994-ին, երբ տարածաշրջանը թեմի կարգավիճակ է ստացել, տեղի են ունեցել թեմական առաջին ընտրությունները Քուվեյթում, Աբու Դաբիում և Շարժայում: Ընտրվել է թեմական խորհուրդ բաղկացած 3 հոգևորականից և 18 աշխարհականից (9-ը Քուվեյթից, 5-ը Շարժա-Դուբայից և 4-ը Աբու Դաբիից): 2003 թ. տվյալներով Շարժա-Դուբայի ազգային վարչության ատենապետն է Նշան Բասմաջյանը, Աբու Դաբիի ազգային վարչության ատենապետը Գրիգոր Մահսերեճյանը:

   1995-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ ԱՄԷ կատարած իր առաջին հայրապետական այցելության ժամանակ խնդրանքով դիմել է Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան Բեն Մոհամմեդ ալ Քասիմին, որն էլ, ընդառաջելով խնդրանքին, տեղի հայությանը տրամադրել է հողատարածք և եկեղեցի կառուցելու արտոնություն տվել: Դրանով, փաստորեն, տեղաբնակ հայությունը ճանաչվել է որպես համայնք ազգային հաստատություններ հիմնելու իրավասությամբ: 1996-ին կազմակերպվել Է հանգանակություն, սկսվել են Շարժայում եկեղեցու և դպրոցի շենքի շինարարական աշխատանքները: 1997-ին տեղի Է ունեցել ԱՄԷ-ում աոաջին հայկական Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (ճարտ. Բաբկեն Այվազյան) հիմնարկեքը, 1998-ին օծումը: Համալիրի կառուցման գործում զգալի ավանդ են ներդրել նաև ճարտարագետ Հրայր Սողոմոնյանը, բարերարներ Զոհրապ Թեփերճյանը, Արա Քեոսեյանը. Աղավնի Քեոսեյանը, Հարություն Հովհաննիսյանը, Պետրոս Ասլանյանը, Հայկուշ Թահմազյանը, Մելիք Մելիքսեթյանը և ուրիշներ:

  ԱՄԷ-ի հայ համայնքի ժողովրդագրական պատկերր բնորոշվում Է ներհոսքի և արտահոսքի համաժամանակյա գործընթացներով: Իրենց նյութական վիճակը բարելաված հայերի որոշ մասր վերադառնում է մշտական բնակության վայրերը, նրանց փոխարինելու են գալիս նոր հայ ընտանիքներ՝ հիմնականում Արևելքի երկրներից: Ներկայումս (2003) ԱՄԷ-ում հայերի թիվը շուրջ 2 հզ. է: Նրանք կենտրոնացած են Շարժայում, Դուբայում (1000), Աբու Դաբիում (550), սակավ թվով Աջման, Ումմ ալ Քայվայն, Ֆուժեյրա, Ռաս Էլ Խայմա քաղաքներում: Հիմնականում լիբանանահայեր և սիրիահայեր են, կան նաև իրաքահայեր, իրանահայեր և Հայաստանից արտագաղթածներ: Նրանց մեծ մասը գործարարներ են, բժիշկներ, ճարտարապետներ, ճարտարագետներ, արհեստավորներ: Ապրում են ԱՄԷ-ում երեք տարին մեկ նորոգվող ժամանակավոր կեցության արտոնագրով և քաղաքացիության ստանալու հնարավորություն չունեն: Այդուհանդերձ, տնտեսապես բարգավաճ, լավ կազմակերպված և հայախոս համայնքներից է: Այստեղ պարբերաբար նշվում են ազգային և եկեղեցական տոները: Համայնքի հոգևոր հովիվն է Արամ քհն. Տեյիրմենճյանը (1997-ից):

 Ազգային վարչությունների գլխավոր խնդիրն է իրենց շուրջը համախմբել տեղի հայերին, երիտասարդությանը դաստիարակել ազգային արժեքների և ավանդույթների ոգով, կազմակերպել կրթական գործը: 1980-ի մարտին նրանց ջանքերով հիմնվել է Շարժայի հայկական մեկօրյա վարժարանը. 1980-ի հոկտեմբերին Աբու Դաբիի հայկական մեկօրյա վարժարանը, որոնք անընդմեջ գործում են մինչև օրս: Ունեն մանկապարտեզի 3 բաժին, նախակրթարան և շրջանավարտ դասարան: Դասավանդվում են հայոց լեզու և գրականություն. հայ ժողովրդի պատմություն, երգ, կրոն: Ներկայումս (2003) Աբու Դաբիի վարժարանը (տնօրեն Թամար Տեր-Հովհաննիսյան) ունի 60, Շարժայինը (տնօրեն՝ Վիգեն Գլընճյան) 115 աշակերտ: Աբու Դաբիում գործում է նաև զուտ կրոնական թեքումով հայկական մեկօրյա վարժարանը (ունի 35 աշակերտ), որը հիմնել և ցայսօր տնօրինում է Վարդան Ինկիլիզյանը: Բոլոր 3 դպրոցներում աշխատում են շուրջ 30 ուսուցիչներ: Թեմական խորհրդի, Շարժա-Դուբայի և Աբու Դաբիի ազգային վարչությունների հովանու ներքո գործում են նաև Հայ երիտասարդաց տները, համայնքի մշակութային կյանքը կազմակերպող գեղարվեստական հանձնախումբը, դպրոցների գործունեությունն ապահովող հոգաբարձական կազմը, տիկնանց միությունը, օժանդակ հանձնախումբը:

  1989-ից գործող Աբու Դաբիի Հայ մշակութային ընկերակցությունը (հիմնադիրներ՝ լիբանանահայ գրող Արամ Սեփեթճյան, ճարտարապետներ Անդրանիկ Տաղլյան, Վաչե Գասեմճյան և ուրիշներ) կազմակերպում է գրական և մշակութային միջոցառումներ, օտարներին ներկայացնում հայ մշակույթը: Ընկերակցության վարչության նախագահն է ճարտարապետ Գրիգոր Ճերեճյանը: 

  Համայնքում հայտնի անուններ են նաև Արա Խանոյանը (շինարարական խոշոր ընկերության ղեկավար), Պերճ Աբրահամյանը («Spec-trum» խորհրդատվական ընկերության սեփականատեր), Լևոն Տեր-Հովհաննիսյանը («ССС» հայտնի շինարարական ընկերության Աբու Դաբիի մասնաճյուղի նախագահ), Վահե Թուխմանյանը (հացի արտադրության սեփականատեր), Վարդան Ինկիլիզյանը (ճարտարապետ, հայկական ոճով մի շարք շենքեր է կառուցել Աբու Դաբիում), Հրայր Սողոմոնյանը և Անդրանիկ Տաղլյանր (ճարտարապետներ), Կարպիս Պառուշյանը (պաշտպանության նախարարության խորհրդականներից), Մայք Խարապյանը (գործարար) և ուրիշներ:

  Համայնքը սերտ կապեր է պահպանում Հայաստանի հետ, իր հանգանակած միջոցներով արդիական ատաղձագործարան է հիմնել Ստեփանավանում: 1993-ին Աբու Դաբիի կիրակնօրյա վարժարանի սաների հավաքած գումարով նյութական օգնություն է ցույց տրվել Գյումրիի ծնողազուրկ երեխաներին: Աբու Դաբիի Հայ մշակութային ընկերակցությունը ստանձնել է Հայաստանում 26 որբերի խնամակալությունը: 

 Սարգսյան Ա. 

 

Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք հանրագիտարան»

Տե՛ս նաև՝  Յիշատակ գիրք Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցւոյ նավակատիքին և օծման. Շարժա, 1998:

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am