Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ 

Պետություն Հյուսիսային Ամերիկայում։ Տարածքը 9518,9 հզ. կմ2։ Բնակչությունը 292 մլն (2003)։ Մայրաքաղաքը Վաշինգտոն (607 հզ.)։ Հայերի թիվը՝ շուրջ 1,2 մլն։

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հաստատվել են 1992-ին։


Հայերը Հյուսիսային Ամերիկայում բնակություն են հաստատել XVII դ. առաջին տասնամյակներից։ Այստեղ եկած առաջին հայի պարսկահպատակ Ջոն Մարտինի անունը հիշատակվում է 1618-ին (զբաղվել է ծխախոտագործությամբ)։ 1653-54-ին Վերջինիայի նահանգի կառավարչի հրավերով Թուրքիայից եկել են շերամաբույծ երկու հայ վարպետներ շերամաբուծությունը զարգացնելու նպատակով։ XVII-XVIII դդ. հայերի փոքրաթիվ խմբեր Ամերիկա են գաղթել Եվրոպայից (Լեհաստանից, Հունգարիայից, Հոլանդիայից), ինչպես նաև Հնդկաստանից և վերաբնակվել Վիրջինիա, Հարավային Կարոլինա, Ջորջիա նահանգներում։ XVIII դ. 70-ական թթ. հայերի թիվն ԱՍՆ-ում հասել է 70-ի։

 XIX դ. 30-ական թթ. սկսված հայերի նոր հոսքը հետևանք էր ԱրևմտյանԱմերիկահայերի ընտանիք Բոստոնում, 1908 թ.։ Հայաստանում, Կիլիկիայում և Թուրքիայի հայաբնակ այլ վայրերում ամերիկյան միսիոներների քարոզչական, կրթալուսավորչական գործունեության։ 1861-1865-ին՝ քաղաքացիական պատերազմին հաջորդած տարիներին, երբ ԱՄՆ թևակոխել է արդյունաբերական բուռն զարգացման շրջան, ի թիվս «հին աշխարհի» շատ գաղթականների, ԱՍՆ են սկսել մեկնել հայերի խմբեր (հիմնական պատճառներն էին հայ գյուղացու տնտեսական քայքայումը, ծանր հարկերը, կյանքի և գույքի անապահովությունը Օսմանյան Թուրքիայում)։ 1870-ական թթ. վերջին Նյու Յորքում, Ուստրում, Փրովիդենսում սկսել են ձևավորվել հայկական առաջին համախմբումները։ Ժամանակի ընթացքում ԱՄՆ մեկնած հայերը տարածվել են գրեթե բոլոր նահանգներում՝ նախապատվություն տալով հայ բնակչություն ունեցող շրջաններին (Նյու Յորք, Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Իլինոյս, Կալիֆոռնիա, Միչիգան, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Քոնեքթիքութ, Վիսքոնսին և այլն)։

ԱՄՆ-ի ամենահին հայկական քարաշեն տաճարը. Ֆրեզնո1820-98-ին ԱՄՆ մեկնած հայերի թիվը մոտավոր է (4 հզ.), քանի որ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ մուտք գործած գաղթականները գրանցվել են ոչ թե ըստ ազգային պատկանելության, այլ մշտական բնակության երկրների։ Ընդ որում Օսմանյան Թուրքիայից գաղթածները մինչև 1868-ը գրանցվել են որպես «Եվրոպական Թուրքիայից», իսկ 1869-ից նաև «Ասիական Թուրքիայից» և «Հայաստանից» եկածներ։ 1899-ից գաղթականները սկսել են գրանցվել ըստ իրենց ազգային պատկանելության։

1893-ին ԱՄՆ-ի կառավարությունը դատապարտել է թուրքական իշխանություններին, որոնց թողտվությամբ Մարզվանում կողոպտվել ու այրվել էր ամերիկյան քոլեջը, Բ. Դռնից պահանջել է հարգանքով վերաբերվել ամերիկահպատակներին։ 1894-ի դեկտեմբերի 3-ի Սասունի կոտորածից հետո ԱՄՆ-ի Սենատն աոաջարկել է եվրոպական տերությունների հետ մասնակցել Սասունում կատարված հանցագործությունների հետաքննությանը և պահանջել է դադարեցնել հայ բնակչության հետագա հալածանքները։

1894-96-ի համիդյան կոտորածները Օսմանյան Թուրքիայում բողոքի նոր ալիք ենԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդանիստ Նյու Յորքի  մայր տաճարը առաջ բերել ԱՍՆ-ում։ Ֆիզիկական բնաջնջման վտանգից խուսափող հայերի զանգվածային գաղթը մեծ չափեր է ընդունել ներառելով կայսրության բոլոր հայաբնակ շրջանները։ Ամերիկյան առաջադեմ հասարակական-քաղաքական գործիչները դատապարտել են սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությունը։ Արևմտահայությանն օգնելու համար ստեղծվել են հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպություններ։

1900-ին հայերի թիվը ԱՄՆ-ում շուրջ 20 հզ. էր։  XX դ. սկզբին Ռուսական կայսրությունում և մասնավորապես Կովկասում տիրող տնտեսական ու քաղաքական ճգնաժամը խթանել է արևելահայության տեղաշարժը դեպի օտար ափեր՝ ներառելով նաև Ալեքսանդրապոլի հարակից գյուղերից, Իգդիրից, Կողբից, Թիֆլիսից, Ղարաբաղից, Երևանից և այլ վայրերից մեկնած մի խումբ հայերի։ Նրանք հիմնականում բնակություն են հաստատել ԱՄՆ-ի արևմտյան ափին Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում։ XX դ. սկզբին աոավել մեծ չափերի հասած արևելահայերի արտահոսքը (շուրջ 2500 մարդ) նվազել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18), ապա որոշ չափով նորից ավելացել Ռուսաստանում 1917-ին ստեղծված քաղաքական անկայուն իրավիճակի հետևանքով։ Արևելահայերի հոսքը ԱՄՆ, ի տարբերություն արևմտահայերի, մեծ չափերի չի հասել, ինչը բացատրվում Է Ռուսաստանում քաղաքական ու տնտեսական համեմատաբար բարվոք վիճակով։ ԱՄՆ-ի Գաղթականական գրասենյակի տվյալներով 1899-1924-ին Ռուսաստանից ԱՄՆ Էր մեկնել ավելի քան 3500 հայ։

ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Լոս Անջելեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին1908-ից հետո Թուրքիայի անկայուն վիճակը, Ադանայի կոտորածը (1909), Բալկանյան պատերազմները (1912-13), ապա Մեծ եղեռնը ուժեղացրել են հայերի արտագաղթը Թուրքիայից։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ԱՍՆ-ում բնակվել Է 60 հզ. հայ։ ԱՍՆ-ի առաջադեմ հասարակայնությունը զայրույթով Է ընդունել 1915-ի հայերի տեղահանության և կոտորածի փաստը։ Ամերիկյան մամուլը գրեթե ամեն օր տպագրել է Օսմանյան Թուրքիայում ողբերգական իրադարձությունների ականատես միսիոներների, դիվանագետների, հրաշքով փրկված հայերի պատմածները։ ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, համոզվելով, որ հայերի կոտորածներն ու աքսորը նպատակ ունեն գլխովին ոչնչացնել հայերին, ապարդյուն փորձել է համոզել Թալեաթին և Էնվերին դադարեցնելու հայերի բնաջնջումը։ 1915-ի վերջին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին, սակայն դիմումն անպատասխան է մնացել։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական սահմանադրությամբ վերացված գաղթի արգելքի վերականգնման պայմաններում նվազ թվով հայերի է հաջողվել արտագաղթել։ եթե միայն 1914-ին ԱՄՆ էր գաղթել 7785 հայ, ապա հետագա տարիներին նրանց թիվը կտրուկ նվազել է 1915-19-ին՝ կազմելով ընդամենը 3620 մարդ։ 1919-20-ին ԱՄՆ-ում կար շուրջ 78 հզ. հայ։

Օսմանյան Թուրքիայում հայերի պարբերական ջարդերով ուԼոս Անջելեսի Փոքր Հայաստան թաղամասը տեղահանություններով ուղեկցված քեմալական շարժման վերելքը, ինչպես նաև Անդրկովկասում Հայաստանի Հանրապետության (1918-20) անկումը կրկին խթանել են հայերի գաղթը ԱՄՆ 1921-ին, նախորդ տարիների համեմատությամբ, այն հասցնելով ամենաբարձր ցուցանիշի 10212-ի (մեծ մասամբ հայկական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև ամերիկյան քարոզիչների կողմից թուրքական հարեմներից, ոչ քրիստոնյա ընտանիքներից, ճամբարներից ու որբանոցներից հավաքագրված հայեր էին)։ 

Առաջին համաշխարհային պատերազմից հետո միջազզային ասպարեզում ստեղծված քաղաքական նոր հարաբերությունների հետևանքով ամերիկյան գաղթականական օրենքները պարբերաբար վերանայվել են, խիստ սահմանափակվել է նաև հայերի ներգաղթը։ 1924-ին ընդունվել է Ազզային ծագումների քվոտայի օրենքը։ Այդ թվականին ԱՍՆ-ում բնակվող հայերի ընդհանուր թիվը կազմել Է ավելի քան 120 հզ.։

Հայ նահատակների հուշարձանը ՓրովիդենսումԱռաջին համաշխարհային պատերազմում տուժած Մերձավոր Արևելքի երկրներին օգնություն ցույց տալու նպատակով 1918-ին ստեղծվել Է Մերձավոր Արևելքում Ամերիկյան նպաստամատույց կոմիտե (Ամերկոմ)։ Հայաստանում այն գործել Է 1919-ի մայիսից հետո, երբ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրով Ամերկոմն իր վրա Է վերցրել հայ որբերի հովանավորությունն ու դաստիարակությունը (դադարել է գործել 1931-ին)։ 1920-24-ին ԱՍՆ է գաղթել շուրջ 21 հզ. հայ։

Հայերը հիմնականում կենտրոնացած էին Մասսաչուսեթսի, Կալիֆոռնիայի, Ռոդ Այլենդի, Քոնեքթիքութի նահանգներում, իսկ ամերիկյան հայաշատ քաղաքներից էին Դետրոյտը, Լոս Անջելեսը, Փրովիդենսը, Բոստոնը, Ուստրը, Վաշինգտոնը, Ֆրեզնոն, Սան Ֆրանցիսկոն և այլն։

 Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ԱՄՆ-ում բնակվում էր շուրջՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (Մոնտեբելլո) 200 հզ. հայ։ Դեպի ԱՄՆ գաղթի նոր ալիք է սկսվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1948-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Տեղահանված մարդկանց մասին» օրենքի հաստատումով «Հայրենազուրկ հայերի օգնության ամերիկյան ազգային կոմիտեն» (ANCHA-ԱՆՉԱ, նախագահ՝ Ջորջ Մարտիկյան) մինչև 1952-ը իրականացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում հայտնված 4,5 հզ. ռազմագերի-տարագրյալ հայերի փոխադրումն ու բնակեցումը ԱՄՆ-ում։ 1947-ին ԱՄՆ-ում կար 215 հզ. հայ։

Հետպատերազմյան տարիներին շարունակվել է հայերի արտագաղթը ԱՄՆ ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան ու հարավային Եվրոպայից։ 1947–48-ին՝ զանզվածային հայրենադարձության տարիներին, Հայաստան Է ներգաղթել 151 ամերիկահայ։ Խորհրդային հասարակարգում հայրենադարձների նկատմամբ քաղաքական, ընկերային և տնտեսական բնույթի անարդարություններն ու հետապնդումները սահմանափակել են ամերիկահայերի հետագա հայրենադարձությունը: 1944–52-ին ԱՄՆ Է մուտք գործել 4379 հայ։

Հայերի հոսքը ԱՄՆ նոր թափ Է ստացել 1950-ական թթ. և որոշ ընդհատումներով շարունակվում Է ցայսօր։ 1952-ին Եգիպտոսից, 1958-1961-ին Սիրիայից, 1960-ին Խորհրդային Հայաստանից, 1960-ական թթ. կեսից Թուրքիայից, Հունաստանից, 1960-ական թթ. վերջից Լիբանանից, 1979-ին Իրանից, ապա Հորդանանից և Իրաքից տեղի ունեցած արտագաղթը հետևանք էր վերոհիշյալ երկրների տնտեսական և քաղաքական անկայուն գործընթացների։

1965-ին ԱՄՆ-ում բնակվում Էր 300 հզ. հայ։ Նույն թվականին ԱՄՆ-ում ընդունված Գաղթականական օրենքով վերացվել են ներզաղթի նկատմամբ նախկինում գործող սահմանափակումները՝ խթանելով աշխարհի տարբեր կողմերից (հատկապես Մերձավոր և Միջին Արևելքից, Խորհրդային Հայաստանից) շուրջ 2 հզ. հայերի ամենամյա հոսքը ԱՄՆ։

Մայր երկիր հուշաքանդակը Վաշինգտոնում. քանդ.` Ֆ Սողոյան, 1991Արդեն 1970-72-ին ԱՄՆ-ում բնակվում էր շուրջ 450-500 հզ. հայ։ Նրանք հիմնականում տեղաբաշխված էին Միջին Ատլանտյան (Նյու Յորք, Նյու Ջերսի, Փենսիլվանիա, Կոլամբիայի տարածաշրջան, Վիրջինիա), Նոր Անգլիայի (Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Քոնեքթիքութ, Նյու Հեմփշիր), Միջինարևմտյան (վիսքոնսին), Արևմտյան (Կալիֆոռնիա), Հարավարևելյան (Ֆլորիդա) շրջանների նահանգներում։ Հայաշատ քաղաքներից Էին Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Դետրոյտը, Բոստոնը, Չիկազոն, Ֆիլադելֆիան, Ֆրեզնոն, Սան Ֆրանցիսկոն, Փրովիդենսը, որոնցում կենտրոնացած Էր հայության գրեթե կեսը։

1960-70–ական թթ. ԱՆՉԱ-ի միջոցով Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից, ինչպես նաև Հայաստանից 18500 հայ Է արտագաղթել ԱՄՆ, ընդ որում 512 ընտանիք տեղավորվել Է Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում։ ժամանակի ընթացքում Կալիֆոռնիայի նահանգը և մասնավորապես Լոս Անջելեսը վերածվել են ԱՄՆ արտագաղթող հայության կենտրոնատեղիի։ Միայն 1979-ին Խորհրդային Հայաստանից Լոս Անջելես Է գաղթել 3200 հայ (1980-ին տեղի հայ բնակչության աճը կազմել Է 50 %): 1985-ին ԱՄՆ-ում բնակվում Էր 600-800 հզ. հայ։

1985-ին ԽՍՀՄ-ում սկսված արմատական գործընթացները, 1988-ի Սպիտակի երկրաշարժը, Հայաստանի սոցիալ-տնտեսական ու քաղաքական անկայուն վիճակը աննախադեպ մեծ չափերի են հասցրել հայերի արտագաղթը ԱՄՆ։ 1991-ին Խորհրդային Միության փլուզումով երկրից արտագաղթողների նկատմամբ ամերիկյան օրենքների խստացման պայմաններում իսկ շարունակվում է հայերի հոսքը ԱՄՆ հիմնականում ժամանակավոր այցագրերով։

Ներկայումս (2003) ԱՄՆ-ում հայերի թիվը շուրջ 1 մլն 200 հզ. է։ Բնակվում են Կալիֆոռնիա, Մասսաչուսեթս, Նյու Յորք, Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Սիչիզան, Ֆլորիդա, Փենսիլվանիա, Օհայո, Քոնեքթիքութ, Տեխաս, Վիրջինիա, Վիսքոնսին, Ջորջիա,  և այլ նահանգներում։ Նրանց գրեթե կեսը կենտրոնացած Է վեց խոշոր քաղաքներում (իրենց արվարձաններով) Լոս Անջելես, Նյու Յորք, Դետրոյտ, Բոստոն, Չիկագո, Ֆիլադելֆիա։ Հայաշատ քաղաքներ են նաև Ֆրեզնոն, Սան Ֆրանցիսկոն, Փրովիդենսը և այլն։

ԱՄՆ-ում առաջին հայ առաքելական եկեղեցին՝ Ս. Փրկիչը, հիմնվել է 1891-ին,Ֆրեզնոյի Ս. Երրորդություն Մայր Եկեղեցի Ուստրում։ Ներկայումս Հայաստանյայց առաքելական եկեղեցին ԱՄՆ-ում ունի շուրջ 90 եկեղեցի։ Հայ ավետարանականներն ունեն 22 ժողովարան, հայ կաթոլիկները 6 եկեղեցի։

1867-ին ԱՄՆ գաղթած Հակոբ Առաքելյանը հիմնել է ժամանակի խոշորագույն «Փիլգրիմ փրես» տպարանը, իսկ առաջին հայ պարբերականը՝ «Արեգակը», լույս Է տեսել 1888-ին, Ջերսի Սիթիամ, ցայսօր ԱՍՆ- ում լույս է տեսել ավելի քան 300 անուն պարբերական։

ԱՄՆ-ում հայկական  առաջին դպրոցը Վարդուկյան վարժարանը, հիմնվել է 1880-ական թթ. վերջին, Նյու Յորքում։ Առաջին ամենօրյա դպրոցը Ֆերահյան երկրորդական վարժարանը, գործում է 1964-ից Լոս Անջելեսում։ Ներկայումս ԱՍՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա վարժարաններ։

Ամերիկահայ համայնքի ձևավորումից ի վեր ազգային կյանքը կազմակերպելու, հայրենակիցներին համախմբելու և օգնելու նպատակով ստեղծվել են բազմաբնույթ կազմակերպություններ։ Առաջին կազմակերպությունը Հայկական միությունը, հիմնվել է 1886-ին, Նյու Յորքում։ XIX դ. 80-90-սւկան թթ. հիմնվել են Կաճառ հայկականը (1888, Ուստր), Արարատյան գունդը (1890, Նյու Յորք), Հայոց գրադարանի միությունը (1892, Ֆրեզնո), Հայոց առաջադիմական ընկերությունը (1899, Ֆիլադելֆիա) և այլն։

 XIX դ. 90-ական թթ. ԱՄՆ-ում սկսել են ի հայտ գալ նաև հայ քաղաքական կուսակցությունների տեղական կազմակերպությունների իրենց պարբերականներով։ Ներկայումս (2003) համայնքում գործում են հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային, հայրենակցական, երիտասարդական, մարզական, մասնագիտական, տիկնանց բազմաթիվ կազմակերպություններ։ ԱՄՆ-ի գրեթե բոլոր հայահոծ քաղաքներում մասնաճյուղեր ունեն համասփյուռքյան նշանակություն ունեցող միությունները (ՀԲԸՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ, ՀՕՄ, ԹՄՄ, Նոր սերունդ, Համազգային ևն) իրենց գեղարվեստական խմբերով, ակումբներով, դպրոցներով ևն։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի 1966 թ, Սան Ֆրանցիսկո Կալիֆոռնիա, ԱՄՆԱՄՆ-ի մի շարք համալսարաններում Կալիֆոռնիայի (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Ֆրեզնո), Հարվարդի, Միչիգանի, Կպումբիայի, Փենսիլվանիայի գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ։ Հայագիտական կարևոր կենտրոններից են Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը, ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյան հիմնարկությունը (երկուսն էլ Քեմբրիջում, Մասսաչուսեթս), Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը (Դիրբոռն), Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը Ֆրեզնոյում և այլն։

ԱՄՆ-ի հայերը գործուն մասնակցություն են ունեցել երկրի հասարակական-քաղաքական կյանքին։ 1906-ին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում (Բոստոն, Նյու Յորք, Չելսի և այլն) կազմակերպվել են սոցիալ-դեմոկրատական խմբակներ, որոնք հայ բանվորներին ներգրավել են ամերիկյան սոցիալիստական շարժման մեջ։ 1906-ի հուլիսին ստեղծվել է Ամերիկահայ սոցիալիստական կազմակերպությունը, որը 1919-ին միացել է ԱՄՆ-ի Կոմունիստական կուսակցությանը։ Հայ սոցիալիստները 1921-ին Նյու Յորքում հիմնել են «Նոր հոսանք» շաբաթաթերթը և Հայկական բյուրո։ 1921-ից նրանք հանդես են եկել Հայ բանվորական միության լեգալ կազմակերպություն անվամբ։ 1922-ի սկզբին Նյու Յորքում կազմվել է միացյալ հայ բանվորական կուսակցություն, որը 1923-ին միավորվել է հնչակյանների հետ ստեղծելով ԱՄՆ-ի բանվորական կուսակցության հայկական ֆեդերացիան, որը, սակայն, շուտով պառակտվել է։ 1924-ի օգոստոսի 30-ին Նյու Յորքում կայացել է ԱՄՆ-ի բանվորական կուսակցության հայկական հատվածի առաջին պատգամավորական ժողովը, որն ընտրել է կենտրոնական բյուրո։ 1938-ին տեղի հայ կոմունիստներն անդամակցել են Ամերիկահայ առաջադիմական միությանը։

Հետպատերազմյան ժամանակաշրջանում ամերիկահայերը մասնակցել են Հայկական համաշխարհային կոնգրեսի (1947) աշխատանքներին, հայրենադարձության կազմակերպմանը, Հայաստանի հետ մշակութային կապերի ամրապնդմանը։ Հայերը կարևոր ավանդ ունեն նաև ԱՄՆ-ի գիտության, գրականության ու արվեստի զարգացման գործում։

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում գործում են հայկական գրատներ,Փասատինայի Ս. Սարգիս եկեղեցի հրատարակչություններ և գրախանութներ («Ապրիլ», «Սարդարապատ», «էրեբունի», «Մշակ», «Արարատ», «Աշոտ», «Ոսկեդար», «Պերճ», «Շիրակ», «Շարժան գրախանութ» և այլն)։ Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Դետրոյտում, Բոստոնում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Փրովիդենսում, Ֆիլադելֆիայում, Սաութֆիլդում, Նորթվիլում և այլուր գործում են հայկական ռադիոհեռուստատեսային ծրագրեր հայերեն և անգլերեն։

Ամերիկահայությանը շոշափելի օգնություն է ցույց տվել 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին։ Աղետի գոտուն ցուցաբերվող բազմակողմանի օգնությունը համակարգելու և ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 1989-ի նոյեմբերին հիմնվել է Միացյալ հայկական ֆոնդ բարեգործական կազմակերպությունը, որր միավորում Է ԱՄՆ-ում գործող յոթ խոշոր հայկական կազմակերպությունների (Ամերիկայի հայկական համագումար, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, Հայ օգնության միություն, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Էջմիածնական և անթիլիասական թեմերի առաջնորդարաններ, Ամերիկայի հայ ավետարանական ընկերակցության և Քըըք Քըըքորյանի «Աինսի» հիմնադրամ) ջանքերը։ Հաղթահարերելով շրջափակման արգելքներ՝ը Միացյալ հայկական ֆոնդը օդանավային կանոնավոր առաքումներով Հայաստան է հասցրել շուրջ 350 մլն դոլարի մարդասիրական օգնություն։ Վերջին տարիներին Հայաստանում բարեսիրական և մշակութային լայն գործունեություն Է ծավալում Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը (կենտրոնական գրասենյակը գտնվում Է ԱՄՆ Սինեսոթա նահանգի Սինիապոլիս քաղաքում, մասնաճյուղ ունի նաև Երևանում)։

Սողոմոն Թեհլերյանի գերեզմանը Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը1985-ին, Հայոց ցեղասպանության 70-ամյակի նախօրյակին Կալիֆոռնիայի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի աջակցությամբ ապրիլի 24-ը նահանգում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ ԱՄՆ-ի 32 նահանգներ ճանաչել են Օսմանյան Թարքիայում հայերի ցեղասպանության փաստը։

Ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների (Հայ դատի հանձնախումբ, Ամերիկայի հայկական համագումար ևն) գործունեության կարևոր ձեռքբերումներից Էր ԱՄՆ-ի Կոնգրեսի «Ազատության աջակցության ակտ» կոչվող օրենքի 907 բանաձևի ընդունումն ու նրա կենսունակության ապահովումը (այս բանաձևն արգելում էր ԱՍՆ-ի կառավարության ուղղակի օգնությունը Ադրբեջանին Հայաստանն ու Ղարաբաղը շրջափակման ենթարկելու համար, կասեցվել է 2001-ի վերջին)։

 

 Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 33-39:

 

Տե՛ս նաև՝ ԱՄՆ հայ համայնքի եկեղեցին, ԱՄՆ հայ համայնքի դպրոցը, Գիտությունը

Աբրահամյան Ս., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հտ. 1, Երևան 1964:

Աբրահամյան Ս., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հտ. 2, Երևան 1967:

Հայ գաղթականությունը և Հայրենիք-Սփյուռք կապերը 1918-1985 թթ., Միջազգային գիտ. զեկուցումներ, Երևան, 2011:

Հայ համայնքն ԱՄՆ-ում, Երևան, 2010:

 Դալլաքյան Կ., Հայ սփյուռքի պատմություն, Երևան, 2004:

Ավագյան Ք., Հայերի արտահոսքը ԱՄՆ և կապը բնօրրանի հետ, Երևան, 2011: 

 

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am