Հայաստանյայց առաքելական եկեղեցին առանցքային դեր է կատարում ամերիկահայ համայնքի հոգևոր և հասարակական կյանքում, բազմակողմանի աշխատանք ծավալում ամերիկահայության ագգային ոգին ու նկարագիրը պահպանելու, հայրենիքի հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ։
XIX դ. 80-ական թթ-ից սկսած ԱՄՆ-ում հաստատված հայերի թվի ստվարացմանը զուգընթաց ի հայտ է եկել ընտանեկան ծիսակարգի (ամուսնություն, մկրտություն, հուղարկավորություն և այլն) պահպանման անհրաժեշտություն։ Նախքան սեփական եկեղեցի ունենալը հայերից շատերն իրենց հոգևոր մխիթարությունը գտնում էին ամերիկյան եկեղեցիներ (հատկապես ավետարանական ժողովարաններ) հաճախելով, որտեղ քարոզում էին ինչպես օտար, այնպես էլ հայագգի հոգևորականներ։ Ամերիկահայ առաջին աղոթատեղին՝ ավետարանական Մարտիրոսաց հայ ժողովական եկեղեցին, հիմնվել է 1881-ին, Ուստրում Խարբերդի աստվածաշնչային դպրոցի շրջանավարտ Հովհաննես Յազիջյանի նախաձեռնությամբ։ Հոգևոր հովիվ ու ագգային եկեղեցի ունենալու նպատակով Կաճառ հայկականի ատենապետ Մկրտիչ Փորթուգալյանը 1889-ին դիմել է Կ. Պոլսի հայոց պատրիարքությանը «գործունեայ եւ հայրենասէր եկեղեցական մը» ունենալու ակնկալիքով։ Պատրիարքության որոշմամբ ամերիկահայ հովվի պաշտոնը ստանձնել է Հովսեփ վրդ. Սարաջյանը, որի նախաձեռնությամբ կառուցվել և 1891-ին օծվել է Ուստրի Ս. Փրկիչ հայ առաքելական առաջին եկեղեցին ԱՄՆ-ում։ Այդ ընթացքում եկեղեցիներ են հիմնվել Հեյվըրհիլում, Քեմբրիջում, Փրովիդենսում, Հարթֆորդում։
1898-ին Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու հայրապետական կոնդակով հիմնվել է Ամերիկայի հայ եկեղեցու թեմը (օրինական ձևակերպում է ստացել 1902-ին), առաջնորդանիստ է դարձել Ուստրի Ս. Փրկիչ եկեղեցին։ Եկեղեցիներ են կառուցվել Ֆրեզնոյում, Վեսթ Հոբոքենում, Ֆաուլերում, Եդեմում, Փրովիդենսում, Ռոդ Այլենդում։
1927-ից ամերիկահայ եկեղեցին բաժանվել է Արևելյան (կենտրոնը՝ Ուստր, Բոստոն, հետագայում՝ Նյու Յորք) և Արևմտյան կամ Կալիֆոռնիայի (կենտրոնը՝ Լոս Անջելես) թեմերի։
1930-ական թթ. ԱՄՆ-ի հայ համայնքի ներսում սրված միջկուսակցական պայքարը, որը պայմանավորված էր Հայաստանում խորհրդային կարգերի հանդեպ հայ քաղաքական ուժերի հակադիր դիրքորոշումներով, ամերիկահայ համայնքներում իրենց ացդեցությունը տարածելու ձգտումով, ինչպես նաև ԱՄՆ-ԽՍՀՄ փոխհարաբերություններից բխող քաղաքական շահարկումներով, թափանցեց եկեղեցական-թեմական կյանք ու հանգեցրեց պառակտման։ 1933-ի դեկտեմբերին Նյու Յորքի Ս. Խաչ եկեղեցում ԱՄՆ-ի հայոց առաջնորդ Ղևոնդ արք. Դուրյանի սպանությունն է՛լ ավելի բորբոքեց հակամարտությունը խորհրդային կարգերի դեմ պայքարող դաշնակցականների և խորհրդամետ ուժերի (համայնավարներ, ռամկավարներ և այլն) միջև, ամերիկահայությանը բաժանեց երկու հատվածի՝ սկիզբ դնելով նաև Մայր աթոռից փաստացի անջատված թեմի անկախ գոյությանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո։ Այն ունի իր Ագգային իշխանությունը և Երեսփոխանական ժողովները։
1957-ին Արևելյան թեմի մի մասը պաշտոնապես անջատվել է Մայր աթոռ Ս. էջմիածնի ենթակայության տակ գտնվող Հյուսիսային Ամերիկայի թեմից և անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո՝ վերանվանվելով Հյուսիսային Ամերիկայի արևելյան նահանգների և Կանադայի թեմ։ Մինչև 1972-ը Կիլիկիո աթոռը ԱՄՆ-ում ունեցել է մեկ թեմ և մեկ առաջնորդ (նստավայրը՝ Նյու Յորք)։ Կալիֆոռնիայի հայ բնակչության (հատկապես Կիլիկիո թեմին պատկան եկեղեցիների շուրջ հավաքված համայնքի) աճով պայմանավորված ստեղծվել է անթիլիասական երկրորդ գուգահեռ կառույցը՝ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը (կենտրոնը՝ Հոլիվուդ) իր առաջնորդով։ Ներկայումս էլ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ԱՄՆ-ում շարունակում է բաժանված մնալ չորս թեմերի միջև, երկու ավանդական թեմերը գտնվում են Ամենայն հայոց կաթողիկոսության, իսկ գուգահեռաբար գործող մյուս երկու թեմերը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո։
Ամերիկահայ հավատացյալների մեջ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներից բացի, կան նաև ավետարանականներ (25 հզ.), հայ կաթոլիկներ (6 հզ.)։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 46-51:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am