Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Աջարիայի Հանրապետություն

Աջարիայի Հանրապետություն, պետություն Վրաստանի կազմում: Տարածքը՝ 3 հզ. կմ²: Բնակչությունը՝ 337 հզ.(2016): Մայրաքաղաքը՝ Բաթում:
Հայերն Աջարիայում բնակություն են հաստատել վաղ միջնադարում։ Սակայն Աջարիայի հայ համայնքը ստվարացել է XVIII դ. սկզբին՝ հիմնականում համշենահայերի հաշվին։ Հայերի հոսքը Սև ծովի կովկասյան ափ և հատկապես Աջարիա մեծացել է XIX դ. 60-70-ական թթ.։ Խորհրդային իշխանության տարիներին հայերի թիվը համալրվել է նաև Ջավախքից և այլ վայրերից տեղափոխված հայ ընտանիքներով։

Աջարահայերի կյանքում նշանակալի դեր է խաղացել Կովկասի հայոց բարեգործական ընկերության Բաթումի մասնաճյուղը, գործել է Հայ կանանց միությունը։ 1885-ին Բաթումում Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու ջանքերով կառուցվել է Ս. Փրկիչ հայկական եկեղեցին։ Հայտնի էր Մեսրոպյան երկսեռ վարժարանը։ 1886-ին Ստեփան և Ալմա Սաֆրազյանների ջանքերով հիմնադրված Բաթումի հայկական թատրոնը Աջարիայի խորհրդայնացումից հետո դարձել է պետական թատրոն և գոյատևել մինչև 1939-ը։ Հետագա տարիներին Բաթումում գործել է թատերական շրջիկ խումբ, 1964-ից՝ ժողթատրոն։ Բաթումի հայկական թատրոնի բեմում հանդես են եկել Պ. Ադամյանը, Սիրանույշը. Հ. Աբելյանը, Վ. Փափազյանը, Հ. Ներսիսյանը։ Բաթումում երգչախմբեր են ստեղծել Ք. Կարա-Մուրգան (1898), Կոմիտասը (1910)։

Լույս են տեսել հայերեն «Կոմունիստ» (1921) և «Բաթումի բանվոր» (1922) թերթերը։ 1923-ին հիմնադրվել է Հայարտունը, որը կազմակերպում էր համայնքի մշակութային գործունեությունը։

1979-ին հայերի թիվը Աջարիայում 16 հգ. էր։ Ներկայումս (2003) բնակվում է 25 հզ. հայ, որոնք կենտրոնացած են Բաթում, Չաքվի, Քոբուլեթ, Մախինջաուր, Խելվաչաուր քաղաքներում։ Չաքվիում մինչև 1970-ը գործել է հայկական 8-ամյա դպրոց։ Աջարահայերի մեջ զգալի թիվ են կազմում բժիշկները, ճարտարագետները, պետական ծառայողները և գյուղատնտեսության մեջ աշխատողները։

Բաթումում գործում են հայ առաքելական Ս. Փրկիչ և հայ կաթոլիկ (XIX դ.) եկեղեցիները, վրաց-հայկական միջնակարգ դպրոցը 75 (1999), 62 (2002) աշակերտով։ Հայերի գգալի մասը հաճախում է ռուսական դպրոց։ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Բաթումի նավահանգստից մեծաքանակ օգնություն է տեղափոխվել Հայաստան։ Հայաստանի շրջափակման պայմաններում Բաթումը ընդունել և Հայաստան է ուղարկել մեծ քանակությամբ բեռներ և մարդասիրական օգնություն, որին իր նպաստն է բերել տեղի հայությունը։

Վրաստանի անկախացումից հետո Աջարիայում հիմնադրվել է Աջարահայերի միությունը, որը համակարգում է տեղի հայ կրթամշակութային կյանքը, նպաստում Հայաստանի հետ կապերի գարգացմանը։

Աջարիայում են ծնվել ճարտարապետ Ա. Մնդոյանցը, դերասան Լ. Զոհրաբյանը, գեներալ-մայոր Գ. Կամոևը, բժիշկ-ուրոլոգ Ա. Սիդոյանը, բժիշկ-վնասվածքաբան Հ. Հովհաննիսյանը, քիմիկոս Ս. Մացոյանը և ուրիշներ։

Գրականության ցանկ՝
«Հայ սփյուռք» հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am