Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Այնճար (Լիբանանի հայ համայնքներ շարքից)

 

 ԱՅՆՃԱՐ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ՇԱՐՔԻՑ)

  

Այնճարը հայաբնակ գյուղ է: 1939-ի վերջին Մուսա լեռան ավելի քան 6-հազարանոց հայ համայնքը, Ալեքսանդրետի սանջակի Թուրքիային կցվելուց հետո, ֆրանսիական մանդատային իշխանության հովանավորությամբ տեղափոխվել է Լիբանան և հիմնել Այնճար բնակավայրը: Վերաբնակվածների շուրջ մեկ քառորդը Լիբանանում իր կեցության առաջին երկու տարիներին զոհ է գնացել մալարիայի համաճարակին՝ մինչև որ չորացվել են շրջանում գտնվող ճահիճները: 1946-48-ի հայրենադարձության օրերին շուրջ 548 ընտանիք ներգաղթել է Հայաստան, 468 ընտանիք՝ մնացել Այնճարում: Բնակչության գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն է, հատկապես՝ խնձորի արտահանումը. զարգացած է նաև արհեստաառևտրական բնագավառը: Գյուղապետն ու գյուղական խորհրդի բոլոր անդամները հայեր են: Կան 3 դպրոց, 3 եկեղեցի: Հայ առաքելական համայնքին են պատկանում Ս. Պողոս եկեղեցին (հիմնվել է 1959-ին) և ազգային Հառաջ-Գալուստ Կյուլպենկյան երկրորդական վարժարանը (1940-ից, 2001-02-ին ունեցել է 219 աշակերտ): Առաջին հայ կաթոլիկ մատուռը հիմնվել է 1939-ին, ներկայումս գործող Ս. Աստվածածին եկեղեցին՝ 1953-ին: Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի միջնակարգ երկսեռ վարժարանը հիմնվել է 1941-42-ին (2001-02-ին ունեցել է 95 աշակերտ): 1970-90-ական թթ. գործել է նաև Աղաճանյան սանուց տունը (որբանոց): Այնճարի հայ ավետարանական եկեղեցին հիմնվել է 1939-ին. եկեղեցուն կից գործում են տիկնանց միություն, մանուկների համար կիրակնօրյա վարժարան, քրիստոնեական <<Ջանից>> երիտասարդական և պատանեկան ընկերակցությունները: 1939-ից գործում է հայ ավետարանական երկրորդական վարժարանը (2001-02-ին ունեցել է 311աշակերտ), որը 1949-ից ֆինանսավորում է գերմանական <<Հիլֆսբունդ>> միսիոներական ընկերությունը: Այնճարում գործում են ՀՀԴ կուսակցության <<Կարմիր լեռ>> կոմիտեն, ՀՀԴ Լիբանանի երիտասարդական միությունը (ԼԵՄ): <<Շավարշ Միսաքյան>>, Համազգային մշակութային միության <<Պարույր Սևակ>> (1971-ից), Լիբանանահայ օգնության խաչի (ԼՕԽ) <<Ախթամար>> (1943-ից) և ՀՄԸՄ (1940- ից) մասնաճյուղերը, ինչպես նաև ԼՕԽ-ի, Հովարդ Կարագյոզյան հաստատության (1941-ից) և <<Հիլֆսբունդ>>-ի (1947-ից) դարմանատները:

  

 Սանջյան Ա. 

Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան
 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am