ԱԼԲԱՆԻԱ 

Ալբանիայի Հանրապետություն, պետություն Եվրոպայի հարավում Բալկանյան թերակղգում: Տարածքը 28,7 հզ. կմ2 Բնակչությունը 3.1 մլն (1999): Մայրաքաղաքը Տիրանա (270 հզ.): Հայերի թիվը՝ շուրջ 400:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ալբանիայի Հանրապետության միջև հաստատվել են 1993-ին:


   Ալբանիայի
հայ համայնքը կազմավորվել է 1920-30-ական թթ.: Առաջին հայ բնակիչները թուրքական բանակի դասալիք զինվորներ Հայկ Բալջյանը և Լևոն Բողիկյանը, Ալբանիա են եկել 1912-ին՝ Առաջին բալկանյան պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո, երբ Ալբանիան հռչակվել էր անկախ պետություն: Հայերի թիվը երկրում ավելացել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ եղեռնից փրկված գաղթականների հաշվին: 1920-30-ական թթ. հայեր են գաղթել Ալբանիա նաև եվրոպական երկրներից Հունաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և Անգլիայից: Հիմնականում բարձրագույն կրթությամբ մասնագետներ էին բժիշկներ, ատամնաբույժներ, գործարարներ: 1940-ական թթ. Ալբանիայիի 15 ատամնաբույժից 5-ը հայ էր: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմն ալբանահայերը կարողացել են ստեղծել բարեկեցիկ կյանք, իրենց զավակներին կրթության ուղարկել Վիեննայի Մխիթարյան դպրոց: Պատերազմը, ապա կոմունիստական վարչակարգի հաստատումը (1945) ընդհատել են համայնքի զարգացման ընթացքը. ազգայնացվել է Ալբանիայի բնակչության, այդ թվում նաև հայերի ողջ սեփականությունը: Հայերին նույնիսկ արգելվել է հայկական անուններ տալ իրենց երեխաներին: Ավելի քան 45 տարի, կոմունիստական վարչակարգի պայմաններում, Ալբանիայի հայ համայնքը գոյատևել է ամբողջական մեկուսացման մեջ. իրավունք չի ունեցել կապեր հաստատելու սփյուռքահայ մյուս համայնքների և Հայաստանի հետ, ստեղծելու ազգապահպան կառույցներ: Հայերը բնակվել են միմյանց հարևանությամբ, ազգային արժեքներին հաղորդակցվել ընտանեկան պայմաններում: 

  1990-ական թթ. սկզբին Ալբանիայում համայնավարական վարչակարգի փլուզման և ժողովրդավարական գործընթացների ծավալման շնորհիվ համայնքի ազգային կյանքը սկսել է վերականգնվել: 1990-ի ապրիլին Ալբանիայի կառավարության թույլտվությամբ Տիրանայի կաթոլիկ եկեղեցում պատարագ է մատուցվել ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի: Ալբանահայ համայնքի հոգևոր մատակարարությունն սկսել է իրականացնել Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության Իտալիայի հոգևոր հովվությունը: 1991-ին Տիրանայում հիմնվել է Հայկական մշակութային ընկերությունը: 1997-ին գրանցվել է հայ համայնքը ներկայացնող կազմակերպություն Ալբանիայի հայ միությունը: Համայնքային վարչությունը կազմված է յոթ հոգուց (քարտուղարն է վիրաբույժ էմիլ Ասատուրյանր): Համայնքի ազդեցիկ գործիչներից է Վահրամ Փիրանյանը: ՀԲԸՄ-ի հովանավորությամբ վեց հայ երիտասարդներ սովորում են Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում:

 2003 թ. տվյալներով Ալբանիայում, հիմնականում Տիրանայում, նաև Վլյորա ու Դուրես քաղաքներում բնակվում է մոտ 400 հայ. մեծ մասամբ Հունաստանից են և Հարավսլավիայից: Առավելապես մանր առևտրականներ են, կան նաև բժիշկներ, տնտեսագետներ: Ալբանիայում հայտնի է բժիշկ Վ. Պոտրուլյանը, ծառայել է Տիրանայի գլխավոր հոսպիտալում, մինչև 1983-ը եղել է ախտաբանության գծով գլխավոր բժիշկ: Համայնքում հայտնի դեմքեր են նաև Ալբանիայի Ապահովագրության ինստիտուտի զարգացման դեպարտամենտի տնօրեն Վարուժան Փիրանյանը, քիմիկոս պրոֆ. Ծ. Չաքմաքչյանը, բազմաթիվ մրցանակների արժանացած երգահան Հ. Զաքարյանը: 

 

Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան

Տե՛ս նաև՝  

AGBU News Magazine, vol. 10, N 2. Spring/Summer. 2000:

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am