Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն

 Սուրբ Աստվածածին ԵկեղեցիԿոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն, Պատրիարքություն հայոց Թուրքիո, Հայաստանյայց առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից։ Ստեղծվել է 1461-ին։ Աթոռանիստը Գումգափուի Ս. Աստվածածին մայր եկեղեցի։

Մինչև պատրիարքության հաստատումը օսմանյան պետության սահմաններում ապրող հայ համայնքներն ընդգրկված են եղել Երեք թեմերում. Սվազի, կենտրոնը՝ Ս. Նշան վանք, Անկարայի (էնկյուրիի), կենտրոնը՝ Ս. Աստվածածին կամ Կարմիր վանք, Բրուսա (Պրուսա)-Քյոթահիա (Կուտինա) Գարամանի, կենտրոնը՝ Բրուսա։

XIV դ. սկզբին Կ. Պոլսում գործել են Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները, կաթոլիկ Ս. Նիկողայոս եկեղեցու մի մասը, որր հատկացվել էր հայածես արարողությունների համար։ Կ. Պոլսի առաջին պատրիարք է դարձել Հովակիմ Պրուսացի եպիսկոպոսը (1461-78), որի աթոռանիստն էր Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին։ 1641-ից պատրիարքարանը տեղափոխվել է Գումգափու, որտեղ և գտնվում է ցայսօր։

Կ. Պոլսի հայոց պատրիարքներն օժտված էին կրոնական և աշխարհականմասնակի իրավունքներով։ Նրանք տնօրինել են Թուրքիայի վարչական իրավասության ներքո գտնվող հայության կրթությունն ու լուսավորությունը, տպագրության գործը, բարեգործական և մշակութային հաստատությունները, պետության և համայնքի օգտին հավաքել հարկեր։ Օսմանյան կայսրության սահմանների ընդարձակմանն ու զորացմանը զուգահեռ ընդարձակվել են նաև պատրիարքության իրավասության աշխարհագրական սահմանները, բարձրացել նրա դերն ու հեղինակությունը, քանի որ պետության տարածքում բնակվող հայության պաշտոնական ներկայացուցիչ է ճանաչվել Կ. Պոլսի հայոց պատրիարքը։

XVII դ. սկզբին պատրիարքության իշխանությունը տարածվել է օսմանյան տիրակալության բոլոր հայաբնակ շրջանների վրա։ Սսի և Աղթամարի կաթողիկոսները, Երուսաղեմի հայոց պատրիարքն իրենց առաջնորդության իրավունքը զիջել են Կ. Պոլսի պատրիարքին։

1700-ական թթ. վերջին պատրիարքությունը բաղկացած էր 20, 1834-ին՝ 36, իսկ 1900-ին՝ 43 վիճակից 1181 եկեղեցիով և 132 վանքով։ 1997-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքության իրավասության ներքո եղած 6 վիճակներն են Հին քաղաք, Արևելյան Բոսֆոր, Արևմտյան Բոսֆոր, Իշխանաց կղզիներ, Գավառ, Կրետե կղզի։ Դարերի ընթացքում Կ. Պոլսում կառուցված 55 առաքելական եկեղեցիներից այսօր գործում են 35-ը՝ Սկյուտարի Ս. Խաչը, Սամաթիայի Ս. Գևորգը, Ֆերիգյուղի Ս. Վարդանանցը, Ղալաթիայի Ս. Գրիգոր Լուսավորիչը և այլն։ Գավառում գործում է 6, Կրետե կղզում՝ 1 եկեղեցի։

Սկզբնական շրջանում Կ. Պոլսի հայոց պատրիարքներին նշանակել էՍուրբ-Կիրակոս եկեղեցի սուլթանը։ XVIII դ. սկսած պոլսահայ համայնքն օրեցօր ստվարացել է, հատկապես բարձրացել է ամիրայական դասի հեղինակությունը, ինչը սուլթաններին ստիպել է պատրիարքների նշանակման ժամանակ հաշվի առնել նաև նրանց կարծիքը։ Ներկայումս Կ. Պոլսի հայոց պատրիարքն ընտրվում է համայնքների ներկայացուցիչների պատգամավորական ժողովում։ 1461-ից ցարդ պատրիարքական աթոռը զբաղեցրել են 84 հոգևորականներ։ Նրանցից չորսը՝ Մատթեոս Բ (Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի), Գևորգ Բ (Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի), Մկրտիչ II Վանեցի (Խրիմյան Հայրիկ), Մատթեոս Գ (Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի), ընտրվել են Ամենայն հայոց կաթողիկոսներ։ Կ. Պոլսի հայոց պատրիարքներ Ներսես Վարժապետյանը, Մաղաքիա Օրմանյանը, Եղիշե Դուրյանը նշանակալի դեր են խաղացել հայոց հասարակական, մշակութային, գիտական, հոգևոր-եկեղեցական կյանքում։ Արևմտահայությունը զարթոնք է ապրել Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի, Հակոբ Նալյան, Զաքարիա Փոքուզյան Եղիշե ԴուրյանԿաղզվանցի պատրիարքների պաշտոնավարության ընթացքում։ Շուրջ ութ տասնյակ տարիների ընթացքում հիմնվել ու բացվել են դպրոցներ, թանգարան-մատենադարան, տպարան-գրավաճառանոցներ, լույս են տեսել ինքնուրույն ու թարգմանական, կրոնական ու աշխարհիկ բովանդակությամբ տասնյակ գրքեր, կառուցվել են նոր և վերակառուցվել մի շարք եկեղեցիներ։ Ագգային-հոգևոր ու մշակութային-կրթական վերելքը շարունակվել է նաև XIX դ. Պողոս Ադրիանուպոլսեցու, Ստեփանոս Աղավնիի, Հակոբոս Սերոբյանի և այլ պատրիարքների անմիջական մասնակցությամբ ու գլխավորությամբ։

Պատրիարքարանի համար նախապես ազգային ավանդներով կրթված ու դաստիարակված հոգևորականներ է պատրաստել Արմաշի դպրեվանքը։ Նույն նպատակին է ծառայում նաև Կ. Պոլսի Ս. Խաչ դպրեվանքը (1954-ին հիմնադրել է Գարեգին պատրիարք Խաչատուրյանը)։

Պատրիարքարանին ենթակա եկեղեցիներում գործող դպրաց դաս երգչախմբերը նպաստել են հայոց ագգային-հոգևոր երաժշտության անաղարտ պահպանմանը։ 1719-ին Հովհաննես Կոլոտ պատրիարքը Մայր եկեղեցուն կից բացել է ինքնուրույն կանոնադրությամբ ղեկավարվող առաջին կազմակերպված դպրաց դասը (գործում է ցայսօր)։ Առաջին բազմաձայն եկեղեցական երգեցողությունն ու երգեհոնի գործածությունը մայր եկեղեցում տեղի է ունեցել 1906-ին՝ Գրիգոր Մեհթերյանի ղեկավարությամբ։

Կ. Պոլսի հայոց պատրիարքության գործունեությունն ավելի կանոնակարգված բնույթ է ստացել 1860-ին րնդունված և 1863-ին սուլթանական կառավարության կողմից վավերացված Ագգային սահմանադրության հռչակումից հետո։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց (1828) հետո Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը թուրքական կառավարության համար ավելի մեծ կարևորություն է ստացել։ Հայ ազատագրական շարժման հարցում պատրիարքությունը հիմնականում զգուշավոր դիրք է գրավել աշխատելով չգրգռել թուրքական կառավարությանը, փորձելով դիվանագիտական միջոցներով արևմտահայությանը զերծ պահել արյունահեղությունից։

Մեծ եղեռնից հետո պատրիարքությունը կորցրել է իր նախկին իրավունքներն ու դերը։ Այժմ այն Թուրքիայի հայկական համայնքների հոգևոր ներկայացուցչությունն է։ Իր գործունեությամբ նպաստում է հայ ցրված համայնքների համախրմբմանը, նրա ազգային ինքնուրույնության, լեզվի ու մշակույթի պահպանմանը։ Կ. Պոլսի հայոց պատրիարքն իր իրավասությունից բխող գործողություններն իրականացնում Է կրոնական ժողովի միջոցով։

Ներկայումս (2003) Կրոնական ժողովը բաղկացած է հինգ հոգևորականից, երկուՊատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյան ատենապետից, երկու ատենադպիրից, նախագահում է պատրիարքը։ Պատրիարքի նախագահությամբ է գործում նաև խորհրդակցական մարմինը, որն ունի երկու փոխնախագահ, ատենադպիր և ինն աշխարհական անդամ։ Պատրիարքարանը հրատարակում է կրոնաբարոյական, գրական և պատմաբանասիրական «Շողակաթ» հանդեսը և տեղեկատվական «Լրաբեր» պարբերականը։

Կ. Պոլսի հայոց պատրիարքության պատրիարքն է Մեսրոպ արք. Մութաֆյանը (1998-ից)։ Թուրքիայում բնակվում են նաև մոտ 5 հզ. կաթոլիկ և 500 ավետարանական հայեր։

 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 183-185:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am