Փետրվարի 15-ին Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում ուսանողները հանդիպեցին  Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՌԱԿ կուսակցության կենտրոնական վարչության քարտուղար Սևակ Հակոբյանի հետ:
Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Լիբանանի հայ համայնքի պատմությանը, ներկայիս կյանքի անցուդարձին, «Զարթոնք» օրաթերթի գործունեությանը, վերջինիս առաջ ծառացած խնդիրներին և մարտահրավերներին:

 «Հայաստանից երեք անգամ փոքր, բայց չորս անգամ խիտ բնակեցված Լիբանանում փոքր թվով հայեր եղել են դեռ Ցեղասպանությունից առաջ: Լիբանանում, որը նաև Օսմանյան կայսրության մաս է կազմել, հայերի տեղաշարժեր միշտ էլ եղել են: Այժմ հայերը հիմնականում ապրում են  ծովեզրյա շրջաններում և քրիստոնյա համայնքներում»:
 Սևակ Հակոբյանի գնահատմամբ՝ Լիբանանում հայ համայնքը կարևոր մի առանձնահատկություն ունի, քանի որ «այն մխրճված է քաղաքականության մեջ»:
 Անդրադառնալով «Զարթոնք» օրաթերթին՝ Սևակ Հակոբյանը ընդգծեց, որ թերթը ծնունդ է առել դեռ 1937թ.-ին: 2017թ.-ին նշվել է օրաթերթի հիմադրման 80-ամյակը: «Սա նշանակում է, որ դեռ այն ժամանակ գաղութը բավականին կազմակերպված վիճակում է եղել»:
 Այսօր Լիբանանում գործող երեք օրաթերթերից («Ազդակ», «Արարատ», «Զարթոնք») մեկն է «Զարթոնքը»: Սրանցից յուրաքանչյուրը ներկայացնում են համապատասխանաբար ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ կուսակցությունները:
 Օրաթերթում տեղ են գտնում լուրեր  Լիբանանի, Հայաստանի, Արցախի, տարածաշրջանային երկրների, սփյուռքի գաղութների կյանքի և գործունեության մասին, ինչպես նաև լուրեր միջազգային լրահոսից:
 ««Արմենպրես» լրատվական գործակալությունից ստանում ենք արևելահայերեն լուրեր Հայաստանի մասին, այնուհետև այդ լուրերը վերածում ենք արևմտահայերենի»,-նշեց Սևակ Հակոբյանը:
 Օրաթերթի խնդիրների մասին խոսելիս խմբագիրը նկատում է, որ վերջին տասը տարիների ընթացքում թերթի տպաքանակը բավական նվազել է:
 «Տպագիրը մահամերձ է այսօր: Սա միայն հայկական երևույթ չէ»: Նա նշեց, որ անգամ միջազգային մեծ հսկաներն են սկսել թերանալ: « «Զարթոնքի» տպագրի պահպանումը մեզ համար սկզբունքային հարց է: Թերթը պիտի տպվի ցանկացած պարագայում»,-ընդգծեց թերթի խմբագիրը:
 ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը «Զարթոնք» օրաթերթի գոյությունը շատ կարևոր է համարում և շեշտում կարևոր մի փաստ. «Լիբանանյան ավիաընկերություններում, բացի արաբական թերթերից, երկու հայկական թերթ են տալիս օդանավ նստելիս, դրանցից մեկը «Զարթոնքն» է, մյուսը՝ «Ազդակը»: Սա նաև քարոզչական մոտեցում է և շատ ճիշտ մոտեցում:
 Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի մթնոլորտում և ավարտվեց փոխադարձ համագործակցության նախնական պայմանավորվածությամբ: