Ս.թ.հունվարի 31-ին Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ «Հարյուրամյակ Հայոց ցեղասպանության. հետևանքներ և առաջադրանքներ» նյութով գիտաժողովի պաշտոնական բացումը՝ Հայկազյան hամալսարանի և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի կազմակերպությամբ և Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Մկրտիչ Կարագեոզյանի հովանավորությամբ:

Գիտաժովի բացման արարողությունը սկսվեց Հայաստանի Հանրապետության և Լիբանանի օրհներգների հնչողությամբ, իսկ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայկազյան համալսարանի նախագահ վերապատվելի Փոլ Հայդոսթյանը. «Այսօրուան մեր ներկայությունը այս յուրայատուկ վայրին մէջ հետևանք է մեր նախահայրերու անցած ուղիին: Հայկազյան համալսարանը Հայոց ցեղասպանության վկան է և կենդանի օրինակը, որովհետև հիմնուած է Եղեռնի նահատակ Արմենակ Հայկազյանի յիշատակին»: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամ Շահան Գանտահարյանը հավաստեց, թե գիտաժողովի բացումը Լիբանանում տեղի ունենալիք ձեռնարկների շարքում կարևոր երևոյթ է այն առումով, որ նախանշում է հետագա աշխատանքները հատկանշող հիմնական շեշտադրումներն ու առանցքները:

Գիտաժողովի բացման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ առաջին նիստը՝ «Ցեղասպանության հետևանքները և դրանց վերացման միջազգային օրէնքի ուղին» ընդհանուր խորագրով: Ներկայացվեց երկու զեկույց՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը՝ ներկայացնելով «Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, մշակութային, աշխարհագրական, տնտեսական և քաղաքական հետևանքները» և ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, ի.գ.թ. Վլադիմիր Վարդանյանը՝ հանդես գալով «Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը միջազգային իրավունքի միջոցներով» զեկույցով:

Գիտաժողովի երկրորդ նիստի ընդհանուր խորագիրն էր «Միջազգային ընտանիքի հակազդեցությունը՝ ցեղասպանության և անոր շահագործումը պետությունների կողմից»: Նիստի երկու զեկույցների նյութերն էին՝ «Միջազգային համայնքի հակազդեցությունը Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից հետո» (զեկուցող՝ Զավեն Մսըրլյան, անգլերենով) և «Հայոց ցեղասպանության չարաշահումը՝ պետությունների կողմից Թուրքիայի դեմ» (զեկուցող՝ Սալեհ Զահրէտտին, արաբերենով):

Երրորդ նիստը ամբողջությամբ նվիրված էր հայ-թուրքական հարաբերություններին, որի շրջանակում զեկույցներով հանդես եկան Արսեն Ավագյանը՝ «Թուրքիա-Հայաստանի Հանրապետություն հարաբերությունները 1991-2014 թթ.» և լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ «Հայ-թուրք ոչ պետականհարաբերությունները»:

Իսկ գիտաժողովի չորրորդ և վերջին նիստի ընդհանուր խորագիրն էր «Թուրքիայի Հանրապետությունն ու թուրքը՝ յաչս երկրին փոքրամասնություններուն»:

Ծրագրի շրջանակում գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ Նորա Արիսյանի և Թաթուլ Հակոբյանի գրքերի շնորհանդեսը: