Նորություններ
Տպել

 

 Ս.թ. դեկտեմբերի 26-ին Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպվել է «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» համաժողովը, որի շրջանակում տեղի ունեցավ «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի շնորհանդեսը: Ծրագիրն անցկացվեց ՀՀ նախագահի աշխատակազմի հովանավորությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

 Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին առավել պարտավորեցնող է Ցեղասպանության համար պատասխանատվության և իրավական ասպեկտների առավել համակողմանի և ամբողջական վերլուծությունը: Ցեղասպանության ճանաչման գործընթացին զուգահեռ անհրաժեշտ է նաև իրականացնել հետևողական աշխատանք Հայոց ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու նպատակով: Եվ սույն հետազոտությունը հենց միտված է անդրադառնալ Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվությանն առնչվող հիմնահարցերի քննարկմանը արդի միջազգային իրավունքի տեսանկյունից:

 Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ոլորտում էմոցիոնալ հարթությունը պետք է դուրս բերվի, և դրա փոխարեն պետք է ավելի մանրամասն ու հստակ զբաղվել իրավական, իրավաքաղաքական խնդիրներով. «Այն փաստագրական նյութը, որ հավաքվել է երկար տարիների ընթացքում, այժմ ստանում է իրավական բովանդակություն։ Իրավական հարթության վրա մենք ունենք բավականաչափ հնարավորություններ՝ ներկայացնելու համապատասխան պահանջներ տարբեր ատյաններում»։

 ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը նկատեց, որ վերջին շրջանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարվում՝ նշելով, որ Թուրքիայում մտայնություն կա, թե ներողությամբ կարող է ամեն ինչ ավարտվել։ «Մենք այդպես չենք կարծում, հակառակը՝ ներողությամբ ամեն ինչ սկսվում է, որովհետև հնարավոր չէ միլիոնավոր մարդկանց սպանել ու միայն ներողություն խնդրելով հարցը փակել։ Խոսքը մի ամբողջ ժողովրդի ոչնչացման, նրա հայրենիքին տիրանալու, ունեզրկման մասին է, և բոլոր այս հետևանքները, որոնք առկա են Հայոց ցեղասպանության իրագործման առումով, առանձին քննարկման առարկա պետք է դառնան»,-ասել է Արմեն Մարուքյանը։

 ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը կարևորեց այն փաստը, որ ճանաչման գործընթացից անցում ենք կատարում պահանջատիրության և իրավական հարթությունների ոլորտ։ «Հայաստանում Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրությանը լուրջ մոտեցում է ցուցաբերվում։ Մենք սկսել ենք աշխատել նոր կադրեր պատրաստելու գործընթացի վրա, որի կարևոր շեշտադրումներից մեկը հենց իրավաբանների խումբ պատրաստելն է: Նրանք ոչ միայն միջազգային իրավունքի տեսանկյունից պետք է ծանոթ լինեն Հայոց ցեղասպանության խնդիրներին, այլև տարբեր շերտերում՝ պատմագիտություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, պետք է հասկանան, թե ինչ է Հայոց ցեղասպանությունը, որպեսզի տարաբնույթ հարցերի շուրջ կարողանան հստակ պատկերացում կազմել։ Այս առումով տվյալ շնորհանդեսի ժամանակ ներկայացված դիտարկումները, ուղեցույցի հրատարակումը բավականին կարևոր են, քանի որ հիմք են հետագա աշխատանքների, փաթեթների պատրաստման»,- ընդգծեց Մհեր Հովհաննիսյանը։

 Համաժողովի օրակարգի համաձայն՝ ելույթներով հանդես եկան նաև Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Տարոն Սիմոնյանը, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, ինչպես նաև Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիրներ Լևոն Գևորգյանը և Եղիշե Կիրակոսյանը ներկայացրին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ առկա միջազգային իրավական մարտահրավերններն ու ուղեցույցի հիմնադրույթները:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am