Համազգային հայ կրթական և մշակութային միության «Սանահին»մասնաճյուղի կազմակերպմամբ ս.թ. նոյեմբերի 15-ին Կանադայի Սուրբ Հակոբ դպրոցում տեղի ունեցավ «Մենք ենք մեր սարերը» ասմունքի երեկո՝ Անահիտ Պալյանի կատարմամբ: Երեկոյին ներկա էին շուրջ 250 գրասերներ:

Հանդես եկան նաև ջութակահար Նայիրի Փիլոյանը, դաշնակահար Խաչատուր Ղազարյանը և Համազգայինի «Անի» պարախումբը, գեղարվեստական ղեկավար Էվա Հայրապետյանը։

Հնչեցին Պարույր Սևակի, Ազնիվ Թորոսյանի, Վահան Թեքեյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սիամանթոյի, Հ. Շիրազի, Վահան Տերյանի և այլ բանաստեղծների ստեղծագործություններ: Երեկոն ավարտվեց Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» բանաստեղծության կատարմամբ, որի հնչողության տակ «Անի» պարախումբը հանդես եկավ «Քոչարի» պարով:

Ավարտին «Սանահին»մասնաճյուղի ատենապետուհի Թամար Շահինյան Փոլատյանը բեմ հրավիրեց Անահիտ Պալյանի մայրիկին՝ Ազնիվ Թորոսյանին, ով իր հերթին ասմունքեց Հենրիկ Թումանյանի «Մատյան Գոյության» ստեղծագործությունը: Ներկաները մեծ գոհունակություն ստացան՝ բարձր գնահատելով Համազգայինի այս ձեռնարկը: