Ս.թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս Նինոծմինդայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ Կովկասի տարածաշրջանի հայ համայնքերի հետ կապերի բաժնի պետ Տ. Շագոյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը, Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վ. Վարդանյանը, իսկ Նինոծմինդայի հայ համայնքից՝ Նինոծմինդայի շրջանի քաղաքապետարանի կրթամշակութային վարչության պետ, «Ռաֆայել Ջավախք» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, երիդասարդական կազմակերպության անդամներ:

Տեսակոնֆերանսի հիմնական նպատակն էր վերհանել հայ համայնքում առկա հիմնախնդիրները, ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, ինչպես նաև քննարկել  համահայկական ծրագրերին համայնքի ներգրավվածության ու մասնակցության ակտիվացմանն ուղղված քայլերը:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը ներկայացրեց 2014 թ. «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը՝ հույս հայտնելով, որ Վրաստանի մասնակիցները առավել ակտիվ մասնակցություն կունենան ծրագրերին:

«Ռաֆայել Ջավախք» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը ներկայացրերց կենտրոնի գործունեությունը, ինչպես նաև անդրադարձավ Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հեռանկարներին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվող միջոցառումներին:

Քննարկվեցին նաև հայապահպանության, լեզվապահպանության, մշակույթի և այլ բնագավառներին վերաբերող մի շարք հարցեր: